«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է, թե ինչպես է արձագանքում կոլումբիացի երգչուհի Շակիրայից բաժանվելուց հետո ստացած քննադատություններին, հայտնում է Vesti.kz-ն։
«Եթե ինձ մտահոգեր, թե ինչ են ասում իմ մասին հիմա, կփակվեի իմ բնակարանում կամ ցած կնետվեի վեցերորդ հարկից: Միակ միջոցը հաղթահարելու այն, ինչ տեղի է ունենում, բամբասանքներն անտեսելն է: Ես չեմ կարող ամեն օր հերքել այն, ինչ իրականում գոյություն չունի։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին և չեմ էլ խոսի, բայց մարդիկ նույնիսկ տասը տոկոսը չգիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ էին 2011 թվականից, զույգն ունի երկու երեխա՝ տղաներ Միլանն ու Սաշան։ 2022 թվականի հունիսին Շակիրան հայտարարեց իրենց բաժանման մասին։