ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.
«Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2023 թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում․ միմյանց են բախվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրում հաշվառված, 36-ամյա վարորդի կողմից վարած «Ֆորդ tրանզիտ» մակնիշի և ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ 31-ամյա վարորդի վարած «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Ford Transit մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա ուղևորը մահացել են։ Իսկ Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 32-ամյա ուղևորը, ինչպես նաև «Հոնդա CRV»-ի 33-ամյա ուղևոր ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԱԿ ընկերություն, ապա Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտե ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մյուս դեպքը կատարվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ հատվածում։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի 45-ամյա բնակչի վարած «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից վարորդի 11-ամյա որդին ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ 16-ամյա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է բուժկենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ վարորդի 20-ամյա դուստրը, 42-ամյա կինը, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքերի վայրերի, տրանսպորտային միջոցների զննություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Վնասվածքներ ստացած անձանց հետ դեռևս հնարավոր չի եղել կատարել համապատասխան քննչական գործողություններ։
Դեպքերին առնչվող էական հանգամամանքների պարզման նպատակով համապատասխանաբար ոստիկանության Գավառի և Ճամբարակի բաժիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ։
Կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ողբերգական ելքով վթարների պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է»: