Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Akura և Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են աջակողմյան հատվածի երթևեկելի գոտում: Փրկարարկները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: