Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Ժ. Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ հավաքելու նպատակով գտնվելիս է եղել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ժ. Սիմոնյանի կողմից Մ. Եսայանի հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո Մ. Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց նա վերադարձել է արդեն զինված և տեսնելով Ժ. Սիմոնյանին կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Մ. Եսայանին, ում տեղափոխել են ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և այդ փաստաթղթերով հանդեձ Մ. Եսայանին ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով Մ. Եսայանը նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը «Իջևան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: