Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ:
Վիրավորներից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել են Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենաներին:
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է:
Վթարի փաստով Թ. Չանդոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Աբրահամյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ford Transit -ը բարձված է եղել կարտոֆիլով, բախման հետևանքով այն թափվել է, իսկ ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում: