«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիտել է ռուսական առաջին ալիքով երեկ եթեր հեռարձակված հաղորդումը, որում սուր քննադատության է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաղորդմանը մասնակցել են ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ու քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
«Այն կարծիքին եմ, որ, առանց մի դրամ ծախսելու, մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը: Այդ մարդիկ բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը:
Նա կարծում է, որ հաղորդման մեջ տեղ են գտել մանիպուլյացիաներ:
«Իրենք ընտրել էին երդվյալ ատենակալների մոդելը, որ ամեն մեկը փորձում է կարծիք ասել մեղադրյալի վերաբերյալ: Հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ գնացին ու ցուցմունք տվեցին, որ դատավճիռ կայացնեն», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը: