Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, և հնարավոր է՝ կրակած պարկուճները պատահականությամբ են կպել ավտոմեքենային:
Ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք տուժածներ կան, թե՞ ոչ: