Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ վիրավորները ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներ են, ինչի համար էլ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: