Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցի 1/12 հասցեում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել մեքենայից և օպերատիվորեն ժամանած Երևան քաղաքի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ու տարածքը սահմանազատել նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Դերձյանը, Նորայր Մայիլյանն ու Հովսեփ Հովսեփյանը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քաղաքացիների օգնությամբ դարձի բերել, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքեր։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Արցախի Հանրպետության քաղաքացիներ են։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։