00:00:00

Այն, ինչը երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր. Ավետիք Չալաբյան

18:52, 20 սեպտեմբեր 2023 Բլոգ

Իրադրության վրա ազդում է երկու իրողություններ, որոնք աշխատում են իրար դեմ. Դրանից մեկն աշխարհաքաղաքական իրողությունն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա բացատրեց, որ տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահին, երբ ՌԴ-ն ներքաշվեց ուկրաինական հակամարտության մեջ և սկսում է տարածաշրջանում նահանջ ապրել:

«Այն, ինչը որ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետև նա հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը, բայց այդ երաշխավորի ֆունկցիան չկատարեց»,-ասաց Չալաբյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ ՌԴ-ն արդարացավ, թե Հայաստանն արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և պնդեց, որ նույնիսկ այդ դեպքում էլ ՌԴ-ն կարող էր չճանաչել:

Նա հայտարարեց, որ երկրորդ իրողությունը ՀՀ իշխանություններն էին, որոնք եկել էին Արցախը հանձնելու նպատակով:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Չալաբյանը նկատեց, որ նա անգամ կարեկցանքի խոսքեր չգտավ  արցախցիների համար, այլ փորձեց բացատրել, որ Հայաստանի զինված ուժեր այնտեղ չկան:

«Հայաստանի քաղաքական իշխանությունը ձեռքերը լվաց Արցախից, երեկվա մեկ գիշերվա մեջ տված հարյուր զոհից, վիրավորներից, հումանիտար աղետից ու ողբերգությունից: Նա նույնիսկ փորձ չի անի մարդկանց այնտեղից տարհանել և այն պատահականություն չէ, այլ նպատակային քաղաքականություն»,- ասաց Հայաքվերի անդամը և վստահեցրեց, որ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Արցախում, նույնը Հայաստանում է անելու:

Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում այսօր հարց է դրված Ադրբեջանի դեմ կռված բոլոր հայորդիներին ձերբակալել, և ենթադրեց, որ նույնը լինելու է նաև Հայաստանում:

Չալաբյանը հայտարարեց, որ բոլոր բացասական զարգացումները կանխարգելելու համար պետք է ընդդիմադիր շարժմանն ավելի շատ քաղաքացիներ միանան և իրականացնեն իշխանափոխությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր