00:00:00

Մարությանի շանտաժը. դերասանի նվերը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին

00:13, 19 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններից հետո բավական ուշագրավ հետընտրական զարգացումներ են սպասվում: Գլխավոր ինտրիգը կայանում էր նրանում, թե արդյոք անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կոալիցիա կկազմեն՝ իշխանազրկելով ՔՊ-ի Երևանում: Սակայն,այսօր Հայկ Մարությանի հայտարարությունից հետո նման սցենարի իրականացումը գնալով ավելի մշուշոտ է դառնում: Դիցուք՝ եթե «Հանրային Ձայնի համահիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ իրեն ընդամենը անհրաժեշտ են վերահսկողական գործառույթները, իսկ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նշեց որ իրեն պաշտոն պետք չէ և պատրաստ են օգնել Հայկ Մարությանին ստանձնել քաղաքապետի պաշտոնը, ապա վերջինս զարմացրեց և նույնիսկ զայրացրեց ընդդիմության օգտին քվե տված քաղաքացիների մի ստվար հատվածի առաջ քաշելով այնպիսի նախապայմաններ, որոնք մեղմ ասած անընդունելի էին թե քաղաքական, թե բարոյական տեսանկյունից, քանի որ Մարությանի ղեկավարած Ազգային առաջընթաց կուսակցությունը ընդամենը 2 մանդատ ավել ունի, քան «Մայր Հայաստան» դաշինքը:

Մարությանը ըստ էության պահանջում է, որպեսզի ընդդիմադիր ուժերը ընտրեն իրեն քաղաքապետ, քաղաքի կառավարումը  հանձնեն իր ղեկավարած ուժին, իրենք էլ մնան շարքային ավագանի։ Արդեն իսկ պարզ է, որ այս նախապայմանը մյուս երկու ուժերը դժվար թե ընդունեն, իսկ Հանրապետությունը, որը նույնպես հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից անգամ չի էլ դիտարկի այս հնարավորությունը: Հակառակ դեպքում Մարությանը սպառնում է գնալ նոր ընտրությունների: Սա իր մեջ ակնհայտ քաղաքական շանտաժի տարրեր է պարունակում: Մարությանը շատ լավ գիտակցում է, որ նոր ընտրությունները ամբողջովին տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ծրագրերում  և բխում են հենց նրա շահերից:

Բացի այդ՝ որևէ իրավական հիմք նոր ընտրություններ անցկացնելու համար Մարությանը դժվար թե գտնի: Եթե քաղաքապետի ընտրության առաջին փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն երկուսը չընտրեն Մարությանին , ապա քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում 24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և ընտրել քաղաքապետ, քանի որ երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել «կողմ» ձայն ստացած թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։ Արդյունքում  ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը, կտիրանա քաղաքապետի պաշտոնին:Անգամ եթե ինչ-ինչ հրաշքով ձևավորվեն նոր ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը՝ արդյոք՞ Մարությանը վստահ է, որ իշխանությունները, որոնք այս անգամ իրենց իսկ խոսքով ժողովրդավարության տառին համահունչ երևանցիներին ազատ ընտրության հնարավորություն էին տվել նույն բարեգթությունը կդրսևորեն նաև երկրորդ անգամ: Գիտի՞ այս մասին Հայկ Մարությանը՝ անշուշտ այո,  ստացվում է, որ նրա այս քայլը ոչ այլ ինչ է քան նվեր ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին, որոնք անգամ իրենց սատելիտ Հանրապետության հետ կոալիցիա կազմելով 50+1 տոկոս ձայն չէին հավաքելու:

Փաստացի Մարությանը ընտրություններին մասնակցեց՝ ՔՊ-ից քցվածի և թունդ ընդդիմադիրի կերպարով, ինչի շնորհիվ էլ կարողացավ հավաքել բավական մեծ քանակությամբ քվե, սակայն, այսօր Մարությանը որոշել է զբաղվել իրեն բնորոշ գործով՝ դերասանությամբ, փաստացի քցելով թե ընդդիմադիր ուժերին, թե իրեն ձայն տված քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Երևանում իրական իշխանափոխության ականատես դառնալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր