00:00:00

Արցախի ներքաղաքական փոփոխությունները խառնել են Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը

16:42, 11 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն` ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։  Նախագահի միակ թեկնածուն, ով էլ ի վերջո փակ և գաղտնի քվեարկույամբ ընտրվեց Արցախի Հանրապետության նախահահ՝ Սամվել Շահրամանյանն էր։ Առաջադրվել էր նաև ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն գրանցումը մերժվել է։

Շահրամանյանի ընտրությունը ամբողջովին խառնել է Հայաստանի իշխանությունների խաղաքարտերը , որոնք ըստ էության չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են Արցախը սկուտեղի վրա հանձնել Ադրբեջանին: Հայկական երկրորդ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նյարդային են դարձրել պաշտոնական Երևանին, ինչն էլ արտահայտվեց նրանով, որ Փաշինյանն ու թիմակիցները անգամ հարկ չհամարեցին շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին, ինչը նոնսենս է Հայաստան-Արցախ հարաբերություններում: Նեղվել է նաև իրեն Աղդամցի համարող Ալեն Սիմոնյանը, որ չի հաջողվում այդքան արագ ձերբազատվել Արցախից ու հանգիստ ապրել, իր պատկերացմամբ հանգիստ իհարկե: Նեղվել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով հայտարարում է, որ ժամանակը չէ, դրա համար էլ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Իսկ ինչն՞ է այդպես զայրացրել Փաշինյանին ու թիմակիցներին: Թերևս՝ Արցախի նոր իշխանությունների սկզբունքային մոտեցումները մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ, որոնք էլ հնչեցվեցին նախագահի ընտրության օրը՝ ԱԺ-ում: Ըստ նորընտիր նախագահի իրենց նպատակը Արցախը սուբյեկտայնության վերականգնումն է, բացառվում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, իսկ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը չունի այլընտրանք:  Սա բավական կոշտ դիրքորոշում է, ակնհայտ է, որ նույն Արայիկ Հարությունյանը շատ ավելի միտված էր ադրբեջանական կողմի հետ լեզու գտնելու, քան Արցախի նոր իշխանությունները: Եվ դա բնավ չի կարող դուր գալ Նիկոլ Փաշինյանին, ում վրա Արցախից բավական մեծ ճնշում են սկսել գործադրել, պահանջելով զերծ մնալ Արցախի անունից հայտարարություններ անելուց և առաջ մղել բացառապես հայկական օրակարգը:

Փաշինյանի խաղաքարտերը խառնեց նաև այն հանգամանքը, որ արցախցիները փաստացի կասեցրին նաև Սամվել Բաբայանի կողմից իրավիճակը ապակայունացնելուն միտված փորձերը: Հիշեցնենք, որ Բաբայանը և այսպես կոչված սորոսական շրջանակները, որոնք նախագահի ընտրության օրը պատրաստվում էին բողոքի ակցիաներ իրականացնել՝ հետ կանգնեցին այդ մտադրությունից: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ Արցախի նորընտիր իշխանությունները որոշել են ցրել սորոսամերձ բոլոր խմբակները և զրկել նրանց կառավարման համակարգում ունեցած բոլոր լծակներից:

Հայաստանի իշխանությունները ի դեմս Նիկոլ Փաշինյանի նյարդայնանալու ևս մեկ պատճառ ունեն: Բանն այն է, որ միջազգային որոշ ակտորների համար Արցախը հանձնելու լծակներից զրկված ղեկավարը փաստացի դառնում է ոչ պիտանի, իսկ ոչ պիտանի ղեկավարներին աթոռին պահելու որևէ մոտիվացիա այդ ակտորները չունեն: Փաշինյանի ցայտնոտային դրության մասին է վկայում նաև վերջինիս փորձերը ամեն գնով շահելու արևմուտքի սիրտը և հակառուսական բացահայտ քարոզչությունը, որը սակայն, անպատասխան չի մնում Մոսկվայի կողմից: Ավելին, Կրեմլից հայտարարել են, որ տարածրջանը լքելու որևէ մտադրություն չունեն, իսկ Փաշինյանի պնդումը, որ Մոսկվան Արցախը հանձնել է Ադրբեջանին իրականութանը չեն համապատասխանում:

Ստացվում է, որ Արցախում սկզբունքային և հայամետ իշխանությունների ձևավորումը լուրջ հարված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:  Վերջինիս կողմնակիցները դեմքը փրկելու համար կտրականապես պնդում են, որ Արցախում իշխանափոխությունն իբր հանել է Արցախի համար պատասխանատվությունը Փաշինյանի վրայից, իբր Հայաստանը պատասխանատու էր միայն Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համար։ Սակայն, պարզից էլ պարզ է, որ պատասխանատվությունից Փաշինյանն ու թիմակիցները խուսափել չեն կարող և ստիպված են լինելու առերեսվել իրականության հետ, հատկապես, երբ Արցախից արդեն առարկայական մեսիջներ և պահանջներ են հնչում: Հայաստանի իշխանությունը չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից այն բանի համար, որ Արցախը 3 տարվա ընթացքում ապաշնորհ և դավաճան քաղաքականության արդյունքում հայտնվել է Հայաստանից լիակատար մեկուսացման մեջ՝ ֆիզիկապես և քաղաքականապես։ Իսկ ռազմական էսկալացիայի քողի տակ մեղքը Արցախի ժողովրդի վրա բարդելու փորձերը չեն կարող խաբել ոչ մեկին, այդ թվում՝ Հայաստանի միջազգային գործընկերներին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր