00:00:00

Հայաստանը կարող է մեկ ամսվա ընթացքում վճարում չկատարել ԵԱՏՄ ՍՊՈՏ համակարգի շրջանակում

22:49, 30 մայիս 2026 Աշխարհ

 

 

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվելիք՝ ապրանքի սպասման հաստատման համակարգի (ՍՊՈՏ) շրջանակում ապահովագրական վճարը մեկ ամսվա ընթացքում կարող են չվճարել Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներմուծողները, հաղորդել է «Ինտերֆաքսը», փոխանցում է news.am-ը:

Բելառուսի համար ապահովագրական վճարի վճարման անցումային շրջանը կտևի մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը, նշվել է կառավարության՝ շաբաթ օրը հրապարակված որոշման մեջ։

Անցումային շրջանի սահմանման որոշումն ընդունվել է, որպեսզի «նոր կարգի ներդրումը ներմուծողների համար անցնի առավել հարմարավետ ռեժիմով», նշել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի աշխատակազմում։ Այստեղ հայտնել են, որ ապահովագրական վճարի գանձման հետաձգման հարցը քննարկվել է բիզնեսի և ոլորտային գերատեսչությունների (Ֆինանսների նախարարություն, Դաշնային հարկային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն) հետ Գրիգորենկոյի վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ։

Հանդիպմանը նաև ամփոփվել են ապրիլից անցկացվող համակարգի փորձարկման արդյունքները՝ «խոշոր գործարար համայնքների և ձեռնարկատիրական ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ»։

«Այս ընթացքում նրանք համակարգի միջոցով փոխանցել են առաջիկա մատակարարման վերաբերյալ ավելի քան 6,5 հազար փաստաթուղթ։ Բիզնեսից ստացված հետադարձ կապը հաշվի առնելով՝ համակարգը լրամշակվել է։ Օրինակ՝ իրականացվել է տվյալների ավտոմատ բեռնում հաշվապահական հաշվառման համակարգերից։ Նաև մշակվում է API-ով (հավելվածների ծրագրավորման ինտերֆեյս) տվյալների փոխանակման հնարավորությունը», - հայտնել են Գրիգորենկոյի աշխատակազմում։

Ինչպես հաղորդվել էր, 2026 թվականի հունիսի 1-ից ռուսաստանյան ներմուծողների համար սկսում է գործել ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների ներմուծման նոր կարգը։ ՍՊՈՏ շրջանակում Ռուսաստան ապրանք ներմուծելու համար ներմուծողը պետք է ստանա հատուկ QR կոդ։

Դրա համար նա պետք է սահմանը հատելուց երկու օր առաջ կազմի առաջիկա ապրանքների մատակարարման վերաբերյալ էլեկտրոնային փաստաթուղթ՝ նշելով ստացողի, փոխադրողի և մատակարարի տվյալները։

Բացի այդ, անցումային շրջանի ավարտից հետո անհրաժեշտ կլինի կատարել ապահովագրական վճար՝ ներմուծման ժամանակ վճարման ենթակա անուղղակի հարկերի (ԱԱՀ՝ գումարած ակցիզ) չափից ոչ պակաս գումարով։

Ապահովագրական վճար չի կատարվում, եթե դիմողը խոշոր հարկատու է, գտնվում է հարկային մոնիթորինգի ներքո, ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում (մատակարարի հետ ուղղակի առքուվաճառքի դեպքում), ներմուծում է ապրանքներ առանց հարկերի վճարման (ներառյալ՝ ապրանքները ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային առևտրային հարթակներով), ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ է, որը համընկնում է ԵԱՏՄ մաքսային սահմանին (2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ), տարանցիկ կերպով ապրանքներ է տեղափոխում ԵԱՏՄ երկրների միջև՝ ՌԴ տարածքով, ներմուծում է լիզինգի առարկաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր