«Ջախջախված բանակի վերականգնումը հրամայական է։ Զինված ուժերի վերակառուցումը հիմնված կլինի ռազմավարական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության, առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ներդրման, համատեղ արտադրական հզորությունների ստեղծման և բանակի կառավարման համակարգի արմատական վերակառուցման վրա»,-նշել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նա ներկայացրել է բանակի վերածնման իրենց ծրագիրը.
1. Հայաստանը տեսանելի ապագայում կունենա խառը տիպի բանակ` կազմավորված ինչպես համընդհանուր զորակոչի ենթակա քաղաքացիներից, այնպես էլ պայմանագրային զինվորականններից։ Կբացառվի օրենսդրության ընդունում, ըստ որի հնարավոր լինի վճարման դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։
3. Զինված ուժերի առօրյան կհագեցվի մարտական պատրաստությամբ եւ ուսուցմամբ, կվերականգվեն ակտիվ զորավարժությունները։
4. Զինված ուժերի կառավարումը բոլոր օղակներում՝ հաշվարկված սահմաններում, կապակենտրոնացվի, ինչը կտա ստորին օղակներում նախաձեռնության լայն հնարավորություն եւ կտրուկ կբարձրացնի որոշումների կայացման եւ իրականացման արագությունը։
5. Ռազմական գիտությունը և տեխնոլոգիաները որպես առաջընթացի շարժիչ կմղվեն առաջին պլան։ Պետության և պաշտպանության նախարարության համակարգերում կստեղծվեն գիտահետազոտական կենտրոններ նոր զինատեսակների եւ զինամթերքի մշակման համար։
6. Ռազմատեխնոլոգիական ներուժն ամրապնդելու և արհեստական բանականության, կիբերանվտանգության, անօդաչու թռչող սարքերի, ռազմական էլեկտրոնիկայի ոլորտներում հետազոտություններ կատարելու եւ նոր զինատեսակներ ստեղծելու եւ փորձարկելու նպատակով կստեղծվեն պետություն-մասնավոր գործընկերություններ (ՊՄԳ)։ Ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում մշակումները հզոր լիցք կհաղորդեն քաղաքացիական տնտեսությանը եւ նրա տեխնոլոգիական հատվածին։
7. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համապատասխան որակավորում ունեցող զինակոչիկները եւ զինծառայողները կծառայեն իրենց որակավորմանը համապատասխան այդ կենտրոններում եւ կդառնան կամուրջ բանակի, ռազմաարդյունաբերական եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցության համակարգում։ Նույն տրամաբանությունը կգործի նաեւ մոբիլիզացիոն ռեզերվի նկատմամբ։
8. Ուսանողների ուսուցումը բանակի պահանջած հիմնարար եւ կիրառական գիտությունների ուղղությամբ կդառնա անվճար։ Անցնելով խիստ ընտրություն՝ այդ ուսանողները կստանան երաշխավորված աշխատատեղ պաշտպանության ոլորտում` կարճ ժամկետներում ձեւավորելով ռազմական դասախոսների եւ ինժեներների դաս։
9. Զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների, ինչպես նաեւ զինված ուժերի ներսում ցամաքային զորքերի եւ մյուս զորատեսակների միջեւ թվաքանակի հարաբերակցությունը եւ կառուցվածքը կբերվի համաչափ եւ օպտիմալ սահմանների։
10. Կկատարվեն պետության տարածքի օպերատիվ կահավորման աշխատանքներ։ Կզարգացվեն կոմունիկացիաները երկրի ներսում, կստեղծվի պետական պահպանման եւ զինված ուժերի ՆՏ ապահովման պահեստների ցանց, այդ թվում` ստորգետնյա կառույցների, կկատարելագործվի պետական կառավարման եւ կապի ցանցը, կվերագործարկվի օդանավակայանային ենթակառուցվածքը։
11. Կվերամշակվեն եւ կվերաիմաստավորվեն ռազմական դոկտրինն ու ռազմարվեստի դրույթները` համապատասխանեցնելով զինված ուժերի կարողություններին, ստորաբաժանումների համալրվածությանը եւ ասիմետրիկ գործողությունների մոտեցումներին։
ՀՀ-ում արդեն իսկ ձեւավորված եւ գործող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունների ջանքերը կուղղվեն երիտասարդների եւ ուսանողության նախնական զինվորական պատրաստության մակարդակի բարձրացմանը։
12. Կվերականգնվի հասարակական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ»։