Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության բավական երկար սպասված և անոնսված հանրահավաքը։ Ընդդիմադիրները հայտարարել էին, որ հանրահավաքը ի զորակցություն շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի են իրականացնում և որ չի ենթադրում փողոցային պայքարի նոր շրջափուլի մեկնարկ ։ Իրականում՝ այդպես էլ եղավ, շարքային հայտարարություններից, արդեն ծեծված քաղաքական կլիշեներից զատ հանրությանը չառաջարկվեց իրավիճակից ելք գտնելու ճանապարհային քարտեզ: Այնուամենայնիվ հանրահավաքին ներկա էին մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ներկայությունը իսկ բավական լուրջ քաղաքական մեսիջ էր հանրությանն և ողջ ընդդիմադիր դաշտին: Մասնավորապես Ազատության հրապարակ էր այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում կարճ զրույցը լրագրողների հետ ի դեպ՝ բավական մտորելու առիթներ է տալիս:
Ավելորդ չէ նշել, որ հանրահավաքի կայացման և հանրահավաքին հանրության բավական լուրջ ներկայության ապահովումը դեռևս հարցի մի կողմն է, ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ է լինելու հանրահավաքից հետո, իսկ այս առումով կարծես թե քաղաքական ակտորների մոտ հստակություն չկա: Եվ թերևս միայն Սերժ Սարգսյանի մեսիջներ էին, որ քաղաքական հետագա պայքարի կոնյուկտուրան էին ընդգծում: Երրորդ նախագահը մասնավորապես հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, իսկ իրենք, թերևս այստեղ Սերժ Սարգսյանը նկատի ունի իր քաղաքական թիմին՝ ցանկանում են: Տեսնենք, թե ում ցանկությունը իրականություն կդառնա՝ հավելել էր Սերժ Սարգսյանը: Ավելին, նա մատնանշել էր, որ մոտ ապագայում հանրությունը նաև կոնկրետ քայլերի և գործողությունների ականատեսը կդառնա, իսկ Արցախի հարցում բեկում մտցնելու հնարավորությունը ըստ Սերժ Սարգսյանի դեռևս առկա է: Նման հայտարարություն Սերժ Սարգսյանը արել էր նաև ամիսներ առաջ՝ դատարանի բակում իր համակիրների հետ կարճ զրույցի ընթացքում, խոսելով փողոցային պայքար սկսելու մասին և հայտարարելով, որ ամեն ինչ կլինի իր ժամանակին և որ Հայաստանում լուրջ ներքին գործընթացներ են սպասվում:
Սերժ Սարգսյանի նման շեշտադրումները, նրա վերջին շրջանի հանրային ակտիվությունը շատերին ստիպում են մտածել, որ երրորդ նախագահը պատրաստվում է լրջորեն մտնել խաղի մեջ: Դիցուք՝ Սարգսյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական գործիչների հետ, քննարկում Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրողությունները: Բացի այդ, որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ` ակտվորեն մասնակցելով նաև ներկուսակցական կյանքին: Բացի այդ Սարգսյանը մեսիջներ է հղում նաև արտաքին խաղացողներին, մասնավորապես ՌԴ-ին և արևմուտքին: Դիցուք՝ խոսելով պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝ Սարգսյանը վերոնշյալ պրոցեսները կապել էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խաթարման, դիվանագիտական դաշտում իշխանությունների դիլետանտության հետ: Լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, Փաշինյանի կողմից դաշնակցի մեջքի հետևում պայմանավորվածությունների ձեռք բերումը և այդ ամենի արդյունքում՝ անվստահության մթնոլորտի ձևավորումը՝ ահա այն պատճառները որոնք, ըստ Սարգսյանի, հանգեցրին պատերազմի վերսկսմանը և ինչը ոչ պակաս կարևոր է՝ պատերազմում առաջնային գործոն դարձրին Թուրքիային: Մյուս կողմից Սերժ Սարգսյանը ակտիվորեն հանդիպումներ է անցկացնում ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ:
Ընդ որում, պետք է փաստել, որ ակտիվացել է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ ողջ կառույցը: Մամուլը գրել որ , որ օրերս ՀՀԿ են «ժամանելու» Համաշխարհային քրիստոնեական միության նախագահն ու գլխավոր քարտուղարը` համատեղ ծրագրեր, քննարկումներ անցկացնելու համար: Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի կայացած խաղացողներից մեկը լինելով տիրապեում է բավական մեծ մեդիա ռեսուրսների, ընդունելի է միջազգային գործընկերների կողմից և ինչը ոչ պակաս կարևոր է՝ տիրապետում է մարդկային ռեսուրսների, ունի իր շարքերում հանրության կողմից դրականորեն ընկալվող բազմաթիվ երիտասարդ գործիչներ, ապա պարզ է դառնում, թե ինչու են իշխանությունները բավական մեծ նյարդայնությամբ վերաբերվում երրորդ նախագահի նման ակտիվացմանը: Եվ հենց այդ ակտիցավման թափը կոտրելու համատեքստում էլ պետք է դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ամիսներ առաջ տեղի ունեցած ապօրինի կալանավորումը:
Ինչևէ, պետք է փաստենք, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը վերջին սիմվոլիկ հանրահավաքին նույնպես սիմվոլիկ էր: Ըստ էության, վերջինս մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանին, ակնարկելով, որ ի վերջո Փաշինյանը ստիպված է լինելու տեղի տալ հանրային ճնշմանը և հեռանալ: Իսկ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերջին շրջանի ակտիվացումը բոլոր ճակատներում, երրորդ նախագահի հրապարակային արված մեսիջները խոսում են այն մասին, որ Սարգսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը ցանկանում են դառնալ այդ հանրային ճնշումը կազմակերպով և ուղղորդող լուրջ ակտոր…