Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մելքոնյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանտարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։