Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ և 12 հատ պարկուճ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Թամանցիների փողոցի 57 հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 3 քաղաքացու:
Աղբյուրի տեղեկություններով` նրանք են՝ Երևանի բնակիչներ, 29-ամյա Հրայր Լալայանը, 29-ամյա Աշոտ Սարգսյանը և 25-ամյա Գևորգ Գինոսյանը: Արդեն տեղում, փաստերի ճնշման տակ, Հ. Լալայանը հայտնել է, որ հայտնաբերված ինքնաձիգից ինքն է կրակոցներ արձակել: Նշված անձինք և հանցագործության գործիք ինքնաձիգը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։