Արցախի թեմի առաջնորդի խոսքը՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ․
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության»
(Թուկիդիդես, հույն պատմիչ Ք․Ա․ 4-րդ դար)
Սիրելի հայրենակիցներ,
Անկախության մասին այս գեղեցիկ հաստատումն այսօր առավել քան երբևէ ընկալելի է ամեն մի գիտակից հայի համար։ Ահա այս աստվածապարգև երջանկության որոնման ճանապարհին 32 տարի առաջ այս օրը ծնվեց Արցախի ժողովրդի անկախության հռչակագիրը, քանի որ կար նաև բավարար խիզախություն։ Հայության հավաքական կամքի շնորհիվ տասնամյակների ծանր շղթաները կոտրվեցին, արցախցիների հոգու մեջ դարերով ծածկված, ճնշված ու խտացված ուժի վերածված ազատության ձգտումը ժայթքեց և ստացավ իր արժանի բանաձևումը՝ Արցախն այլևս անկախ է։ Անկախության հռչակագիրը բարի ավետիսի պես Արցախի բարձունքներից տարածվեց և մտավ ամեն հայի տուն՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի։
Կյանքի անխախտ օրենք է այն, որ որևէ լավ կամ արժեքավոր բան հեշտ չի տրվում մարդուն։ Այո, մենք կարողացանք արյուն ու քրտինք թափելով ձեռք բերել այդ անգնահատելի գանձը՝ ազատ ու անկախ Արցախը, բայց տկարացանք այդ գանձը մշտապես խնամված ու ապահով պահելու գործում։ Մենք չկարողացանք լիովին յուրացնել այն պարզ ճշմարտությունը, որ անկախությունն ունի երկու՝ երևացող և աներևույթ կողմեր։ Եթե ինչ-որ չափով հաջողեցինք արտաքին՝ այսինքն ֆիզիկական անկախություն ձեռք բերելու հարցում, ապա ցավոք նույնը չենք կարող ասել ներքին անկախության մասին։ Մենք անկախացանք թշնամուց, բայց կախվածության մեջ մնացինք մեր վնասակար ցանկություններից։ Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է, որ մենք առաջին հերթին անկախություն ու խաղաղություն պիտի հաստատենք մեր ներսում, այնուհետև մեր շուրջը։ Պատմության ընթացքին բազում ազգերի ուժով նվաճված ազատությունը ոչնչացել է ներքին երկպառակտությունների ու նյութապաշտ կյանքի արդյունքում։
Արցախը սոսկ հողակտոր չէ, այլ Սրբազան Հայրենիք, ժառանգված գանձ։ Այսօր ազգովի կանգնած ենք լուրջ փորձության առաջ, և Արցախի կորուստը չի լինելու միայն արցախցիների կորուստը, այլ համայն հայության համար դառնալու է ամոթ և նախատինք։ Հիսուս Քրիստոս ասում է․ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինեն նաև ձեր սրտերը» (Մատթ 6։21)։ Արդյո՞ք այսօր համայն հայության սիրտն Արցախում է․․․․
Ահա այս դառն իրականությունը հասկանալով է, որ երեկ մեր Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ տիրող ծանր իրավիճակի հստակ գնահատականով ու մեր ազգին ուղղված կոչով՝ ի մասնավորի նշելով․ «Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:
Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անսակարկելի է, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի»։
Մեր շուրջը դեռևս մութ ամպեր կան և շրջափակման օղակը գնալով ավելի է սեղմվում։ Անկախության հիշատակի այս օրն ավելի ակնհայտ է դարձնում, որ Արցախի արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը ամբողջ հայության միասնականության մեջ է։ Եկել է ժամանակը այսքան փորձություններից հետո հասկանալու, որ մենք ազգի տարբեր «կարկատաններ» չենք՝ հայաստանահայ, արցախահայ, սփյուռքահայ ստորոգելիներով բաժանված։ Մենք մեկ ազգ ենք, ուր էլ որ լինենք, աշխարհագրական ինչ վայրում էլ գտնվենք։
Սիրելի հայրենակիցներ, անկախ մեր կրած նեղություններից և ապագայի հանդեպ եղած անորոշությունից, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության կարևորագույն օրվա առթիվ, որովհետև այն անվիճարկելի արժեք է։Ավետարանը մեզ նաև հիշեցնում է․ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի» (Մատթ 13։12)։ Ով ունի իրեն շնորհվածը պահելու և արժևորելու կարողություն, նրան ավելին կտրվի, իսկ որ չունի, նրանից եղածն էլ կվերցվի։ Եկեք ազգովի չարժանանանք սուրբգրային այս ճշմարտության բացասական կողմին։ Գնահատենք մեր ունեցածը, անկախանանք անտարբերությունից և եսակենտրոնությունից, որպեսզի ունենանք նաև ազգային անկախություն։ Աստված զորավիգ Արցախ աշխարհին և համայն հայ ժողովրդին։