Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01․10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկի վարչական տարածքում, բախվել են Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա 8 զոհ և 10-ից ավելի վիրավոր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի և Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատները, ժամանել են մեծ թվով շտապօգնության բրիգադներ, ովքեր, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները։
Դեպքի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների թիվը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/14/1244368