Հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Աղբավայրի շինարարական հատվածում՝ մոտ 30 քմ տարածքում, իրականացվել է ծխացող օջախների վերացման աշխատանքներ։
ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ ժամը 18։00-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 7 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 7 ջրատար, օգտագործվել է 305 տոննա ջուր (որից 84 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։
Դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։