00:00:00

Այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են․ Նիկոլ Փաշինյան

14:55, 24 հուլիս 2023 Քաղաքականություն

Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում հրապարակված իր հոդվածում՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որը վերջին չորս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով և տարբեր մայրաքաղաքներում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների շարքից վերջինն է:

«Չնայած խաղաղության համաձայնագրի ուրվագծերը ձևավորվում են, այն իրականություն դարձնելու համար դեռևս էական խոչընդոտներ կան: Տասնամյա այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն գործընկերների ամուր աջակցությամբ, ովքեր իսկապես հավատում են խաղաղությանը Հարավային Կովկասում»,-նշել է Փաշինյանը:

Նրա պնդմամբ՝ այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես Լաչինի միջանցքում ու նաև Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են զարգացող հումանիտար ճգնաժամի մասին:

«Արգելափակելով մարդկանց ու տրանսպորտային միջոցների մուտքը՝ Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այս գործողությունները համընկել են աճող ագրեսիվ հռետորաբանության, քարոզչության և նույնիսկ ադրբեջանական ուժերի կողմից տեղի ֆերմերների վրա կրակ բացելու հետ: Նպատակը պարզ է՝ հնարավորինս դժվարացնել կյանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտումների դասագրքային օրինակ է։ Եթե ​​միջազգային հանրությունը չարձագանքի, դա կլինի մարդկության հերթական ձախողումը»,- ասել է ՀՀ Վարչապետը։

Միջազգային հանրությունը, Փաշինյանի համոզմամբ, պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի տիպի պաշարումը դադարեցնելու համար։ Շրջափակումը Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների խախտում է և ամենակարևորը՝ Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ նմանօրինակ որոշումների խախտում է: Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով, երկու ուղղություններով»: Սակայն անցել է հինգ ամիս, և իրավիճակն ավելի է վատացել։ Եվրամիությունը հստակեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են։ Այժմ ԵՄ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ Բաքվի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ, ճնշում գործադրելու համար, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն իրականացվի: Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների տարբեր ազգային խորհրդարաններն ընդունել են որոշումներ, որոնք ԵՄ-ին դրդում են հենց դա անել:

«Ներկայիս ճգնաժամն ընդգծում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում ունի առանցքային նշանակություն կայուն խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերները կենսական դերակատարում ունեն: Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի, որի արդյունավետությունը պահանջում է միջազգային մեխանիզմի ստեղծում և երաշխիքներ միջազգային գործընկերներից՝ անվտանգություն և պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,- ասել է Վարչապետը։

Նրա դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն առանցքային հարց է, որը պետք է լուծվի մեր տարածաշրջանում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար։ Պետք է լուծվեն նաև այլ հարցեր։ Ադրբեջանը դեռ հրաժարվում է ճանաչել միջազգայնորեն ընդունված սահմանները, գրավում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը և պահում ռազմագերիներին, որոնց պարտավորվել էին վերադարձնել դեռ 2020 թվականին։ Սա չպետք է հանդուրժվի. խաղաղ գործընթացի հետևողական տորպեդահարումը պետք է հետևանքներ ունենա։ Հակառակ դեպքում, ադրբեջանական ուժերը, որոնք շրջափակել են Լեռնային Ղարաբաղը, կհավատան, որ իրենք ազատ են և կարող են անպատիժ գործել:

Հայաստանը խորապես գնահատում է ԵՄ-ի միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը։ Սա, ըստ Փաշինյանի, կենսական խնդիր է Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացը արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։ «Ժողովրդավարական ապագայի հանդեպ այս անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվար ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց հիմա կա նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր պարտավորությունները: Եթե ​հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ օգուտներ բերել»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։    

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր