00:00:00

Մնացականյանի երազանքն ու իրականությունը

10:55, 24 հուլիս 2023 Քաղաքականություն

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ 120 հազար քաղաքացի սովի է մատնված, կանգնած՝ ցեղասպանության առաջ, բայց ՀՀ քաղաքական ուժերից շատերին այս հանգամանքը չի մտահոգում, նրանք ակտիվորեն նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։  Տպավորություն է, որ նրանք կտրված են իրականությունից, կամ բավարար համարձակություն ու թույլտվություն չունեն խոսելու Արցախից, կոնկրետ ու հասցեական գնահատականներ հնչեցնել։

Փոխարենը այդ ուժերն ու մարդիկ զբաղված են «թիթեռ նկարելով»։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ՏԻՄ ընտրությունից առաջ ստեղծվում են նոր կուսակցություններ, քաղաքական դաշինքներ, որոնք որպես կանոն երկար կյանք չեն ունենում։ Այլ կերպ ասած ստեղծվում են տվյալ փուլի համար, այս կամ այն ուժի անմիջական աջակցությամբ։

Մի շարք կուսակցություններ արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են սեպտեմբերին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին, ոմանք էլ՝ դեռ վերջնական  որոշում չունեն։

Ի թիվս քաղաքական դաշտում գործող մի շարք կուսակցությունների, Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաև Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ «Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ` գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ։ Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում»,- ապրիլի 15-ին ազդարարել էր Մնացականյանը։

Վիկտոր Մնացականյանը «թավշյա հեղափոխականների» շահառուներից է եղել, ՔՊ իշխանության ժամանակ է թաղապետ նշանակվել, քաղաքական աճը հենց այդ ժամանակ էլ սկսվել է։ Հետո Մնացականյանին հեռացրեցին թաղապետի պաշտոնից, ու ինչպես շատերի դեպքում ինքն էլ միանգամից դարձավ «ընդդիմադիր», ավելին «ընդդիմադիր», որը սիրում է Երևանը, ու որի երազանքները կապված են միայն Երևանի հետ։

Մնացականյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է անում, ներկայացնում այն անձանց, ովքեր ներգրավված են լինելու իր ղեկավարած «Հաղթանակ» կուսակցության նախընտրական ցուցակում, ու չի մոռանում շեշտել, որ այդ մարդիկ էլ իր նման Երևանի ինքնության, պատվի ու ճակատագրի մասին մտածող են։ Իրապե գովելի է, որ Մնցականյան Վիկտորն ու իր թիմակիցները Երևանը սիրում են, բայց արդյո՞ք հայրենիքը միայն Երևանն է, կամ միթե մի ամբողջ քաղաքական ուժի միակ մտահոգությունը Երևանն ու սպասվող ՏԻՄ ընտրություններ  են։

Նախկին թաղապետի ֆեյսբուքյան էջում որեէ խոսք չկա Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, չկա որեւէ առաջարկ ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Տպավորություն է, թե Մնացականյանին բացի Երևանից որեւէ այլ բան չի հուզում, չնայած զարմանալի չէ, ինքն է հայտարարել, որ իր երազանքները կապված են Երևանի հետ։

Երևանում նախկին թաղապետը իրեն հանգիստ է զգում, հատկապես, որ այն դեռևս իրեն պաշտոն տված քաղաքական ուժի կողմից դժգույն ու դժբախտ չի հռչակվել ու հետո Կասկադում կոֆե խմելուց ու հայրենասեր խաղալուց հեշտ գործ չկա։ Մնացականյան Վիկտորը այստեղ արդեն «հաղթել» է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր