Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Փոքր Մանթաշ-Սարալանջ միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Nissan Teana եւ Zil 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի եւ ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը պարեկները սահմանազատել են եւ ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խմբի հետ ծառայություն են կատարում: Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։