Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 27-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են BMW և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Հ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Նշվում է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն: