«Փաստ» օրաթերթը գրում է․ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ մենք անդրադարձել ենք թշնամանքի, ատելության մթնոլորտի խորացման վտանգներին, հատկապես շեշտել, որ անթույլատրելի է շահարկել մարդու մահը: Ու խնդիրն ամենևին մահացածի հետևից «միայն լավը» խոսելու անհեթեթ ձևակերպումը կամ, եթե կուզեք, դոգմատիկ մտածելակերպը չէ: Պարզապես, երբ որևէ մեկի մահվան կապակցությամբ ուրախացողներ կան, ապա այդ հասարակության առողջ լինելու հետ կապված լուրջ կասկածներ են առկա. չարության ու թշնամանքի մեծ դոզան ժամանակի հետ դեգրադացնելու և ապականելու է այդ հասարակությանը: Միևնույն ժամանակ, դագաղներով ու սև ժապավեններով իշխանության եկածներին, որոնց կողմնակիցները շարունակում էին խրախճանք սարքել ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ մեկի մահվան կապակցությամբ, ոչ մեկ անգամ զգուշացրել ենք՝ ամեն չարություն, ամեն վատ բան բումերանգի էֆեկտ ունի. ո՛չ պաշտոնն է հավերժական, ո՛չ հանրության համակրանքը, ո՛չ էլ, առավել ևս, մահից է որևէ մեկն ապահովագրված: Ապարդյուն...
Ինչպես բոլոր հարցերում, իշխանականների, նրանց սատելիտների ու, ընդհանրապես, բոլոր նիկոլականների մի ականջից մտնում, մյուս ականջից միանգամից դուրս էր գալիս: Եվ ահա, այս օրերին քպականներն ու մերձքպական որոշ ինդիվիդումներ հանկարծ նկատել ու վատացել են, որ մեծ թվով մարդիկ, այսպես ասենք, հարգանքով չեն վերաբերվել քպական պատգամավորի մահվանը: Նորից ենք կրկնում՝ ով էլ լինի, ինչպիսի պահվածք էլ ունենա, ինչպիսի տեսակետ էլ ունենա, մարդու մահվամբ ուրախանալն ուղղակի անթույլատրելի է: Այո, նորից ու նորից ենք կրկնում՝ «մահից հետո կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» ձևակերպումն արհեստական է, մահը չի սրբագրում ապրած կյանքը, արածները՝ լավ թե վատ: Բայց մահվամբ ուրախանալն ինքնին խոսում է հասարակության չարության մասին: Այդուամենայնիվ, նշյալ քպականների ու մերձքպական շրջանակների, մի խոսքով՝ նիկոլականների «վատանալը» պարզ երեսպաշտություն է: