ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը հաղորդագրություն է տարածել Արցախի ամբողջական շրջափակման փաստով․
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով:
Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներից ելնելով մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:
Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։