ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մի քանի օր շարունակ կինոլոգների հետ որոնողական աշխատանքներ են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։
Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։
Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։ Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։