«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։
Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամուրջի մասին.
«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր»։