00:00:00

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարի վնաս

15:31, 13 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,420 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո տեղափոխումները վերջերս վերականգնվել են։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 198 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (184 օրվա ընթացքում մարդկանց 450,800-ի փոխարեն՝ 2,276 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 141 ելքի և մուտքի դեպք, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ կամ հրատապ հումանիտար կարիքներից ելնելով մեկնել են Հայաստանի Հանրապետություն):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 59 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (184 օրվա ընթացքում 169,280-ի փոխարեն՝ 2,875 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 51 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (184 օրվա ընթացքում մոտ 73,600  տոննայի փոխարեն՝ 5,635  տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 169 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 118 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 155 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 39 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր