Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վարուժան Բ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդավանք - Կապան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վարուժան Բ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Գ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել ձորից և մոտեցրել դիատարին, իսկ վիրավորին՝ շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ դեպքի վայրում քննիչի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վիրավոր Հարություն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով` մահացածները ծառայում էին ՀՀ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ: