Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Վարուժան Բ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վարդավանք - Կապան ավտոճանապարհի 4.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Վարուժան Բ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Գ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մահացածի մարմինը դուրս են բերել ձորից և մոտեցրել դիատարին, իսկ վիրավորին՝ շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում քննիչի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վիրավոր Հարություն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով`մահացածները ծառայում էին ՀՀ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ: