«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչում նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո:
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության, և դեռևս կա դառնության զգացողությունը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, և մենք մեծ ջանքեր գործադրինք: Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի խաղը Մխիթարյանը սկսել էր պահեստայինների նստարանից ու փոխարինման դուրս եկել 84-րդ րոպեին: Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի հաղթող Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչին:
Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։