ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ներկայացրել է 2022 թվականի իր գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Հարությունյանը բնակարան, մեքենա չի հայտարարագրել։ Նա բնակվում է ծնողների հետ, որոնք երկուսն էլ թոշակառու են։
Որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, այն գնել է 2022 թվականի օգոստոսի 10-ին 8,320,000 դրամով։
Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը պարտք է վերցրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից՝ 7,223,902 դրամ, որը տարվա ավարտին առկա է եղել ամբողջությամբ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը որպես դրամական միջոց իր բանկային հաշիվներում հայտարարագրել է 8,360,803 դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ դառնալով 6․690,337 դրամ, ինչպես նաև 46,452 դրամ, որը ևս տարվա ավարտին նվազել է՝ հասնելով 44,542 դրամի։ Տարվա սկզբին որպես կանխիկ դրամ ունեցել է 450,000 դրամ, որը մինչև տարեվերջ 150,000 դրամի է հասել։
Որպես այլ եկամուտ վերջինս ներկայացրել է 3,068,057 դրամ, որը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Իսկ արդեն վարչապետի աշխատակազմից ստացել է 25,278,289 դրամ աշխատավարձ։ Բնակարան ձեռքբերելու համար Հարությունյանը 27,544,489 մլն դրամի վարկ է վերցրել։ 2022 թվականին վարկի մարման համար ընդհանուր 3,696,000 դրամ է վճարել։