ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն նախօրեին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում ԱՄՆ Հայկական համագումարը։
Նշվում է, որ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատում Ֆրենք Փալոնի և Գազ Բիլիրակիսի կողմից։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի:
Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձեւը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է սենատոր Պադիլիան։
«Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի պարենի, բժշկական պարագաների և տրանսպորտի մեծ մասի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարման միակ ուղին»,- ասել է կոնգրեսական Փալոնը եւ հավելել. «Մենք միասնական ենք՝ ասելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»: