Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։