Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Օհան Ք.-ն, իր վարած Mersedes մակնիշի ավտոմեքենայով, Հասրաթյան փողոցում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել և բախվել արտաքին լուսավորման երկաթե սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսն էլ, որը երեխա է, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող շինանյութի խանութի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանը, Տիգրան Մելիքսեթյանն ու Գեւորգ Յուքինյանը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
© https://shamshyan.com/hy/article/2023/05/07/1238137