Ապրիլի 28-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ, «ձախ հարականջային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:45-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքի 8/1 հասցեում գործող «Ադանա» ռեստորանային համալիրի 3-րդ սրահում, վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Տիգրան Պ.-ի և 57-ամյա Գեղամ Բ.-ի միջև, որի ժամանակ Տիգրան Պ.-ն, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, հարվածել է Գեղամ Բ.-ին, ապա դուրս են եկել ռեստորանի բակ, միմյանց քաշքշել, որին միացել են այլ քաղաքացիներ ևս, հնչեցրել հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: