Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Հայաստանի երեք ներկայացուցիչներ մեդալներ են նվաճել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, հանդես գալով նժույգթափեր վարժության եզրափակչում, հավաքել է 14.733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով եզրափակել է լավագույն եռյակը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալը նվաճել է նաև Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակչում նա 14,666 միավոր է հավաքել և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս վարժության եզրափակչում հանդես է եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ ցույց տալով 7-րդ արդյունքը:
Վաղը՝ ապրիլի 30-ին, Դավթյանը Կահիրեում կպայքարի հենացատկի վարժության հաղթողի կոչման համար: