00:00:00

Արշակ Հակոբյանի կողմից փողերի լվացումը բացառվում է. փաստաբան

13:55, 29 ապրիլ 2023 Իրավական

«Արշակ Հակոբյանի քրեական գործը այս պահին դատարանում է, ապացույցների հետազոտման փուլում ենք արդեն,  հարցաքննում ենք վկաներին, որից հետո փաստաթղթերն ենք հետազոտելու, և լսելու ենք պաշտպանության կողմի վկաներին», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։

Ըստ փաստաբանի՝ գործով դատակոչված ենթադրաբար 33 մեղադրական վկաներից իննին դատարանը հրաժարվել է կանչել դատարան, իսկ 24 վկաներից այս պահին 11-ը հարցաքննվել են՝ տալով  ամբողջովին արդարացնող ցուցմունքներ։

«Ենթադրվում էր, որ մեղադրանքի ինչ-որ հատված վկաները պետք է հաստատեին, սակայն, ըստ էության, հարցաքննված բոլոր 11 վկաները տվել են արդարացնող ցուցմունքներ։ Վլադիմիր Գասպարյանը ևս, բովանդակային առումով, արդարացման ցուցմունք է տվել Արշակ Հակոբյանի վերաբերյալ»,- նշեց Զորայր Հարությունյանը՝ հավելելով, որ գործով անցնող այն վկաները, որոնք դեռևս հարցաքննված չեն, Արշակ Հակոբյանի վերաբերյալ ցուցմունք անգամ չեն տալիս, այլ տալիս են Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի վերաբերյալ։ 

Հիշեցնենք՝ 2021-ի նոյեմբերի 29–ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված (երկու դրվագ) հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար:

Մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի կողմից ձեռք են բերվել երկու ավտոմեքենաներ՝ «Ավանգարդ Մոթորս» ավտոսրահից, որոնք գրանցված են եղել Արշակ Հակոբյանի անվամբ։ Ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը իմացել է, որ հանցավոր ծագում ունեցող գումարներ են իրեն տրվել, մեքենաները ձեռք է բերել՝ փողերը միտումնավոր լվալու նպատակով, մինչդեռ, Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ այդ գումարներն ամենևին էլ հանցավոր ծագում չունեն։

Վլադիմիր Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, ըստ մեղադրանքի՝ չի աշխատել, սակայն ստացել է աշխատավարձ, որը հենց հանցավոր եկամուտն է համարվում։ Այդ գումարներով ձեռք է բերվել 150 մլն դրամի ավտոմեքենա, սակայն, Գասպարյանը, բնականաբար, ցուցմունքում ասել է, որ իր կինը աշխատել է, իսկ Արշակ Հակոբյանը հանցավոր ծագում ունեցող գումարներով ձեռք չի բերել մեքենաները։

Արշակ Հակոբյանի փաստաբանը նշում է, որ վերջինս չգիտեր ու չէր էլ կարող իմանալ, թե ինչ գումար է տրվել իրեն. հենց այս դրվագով էլ արդեն իսկ բացառվում է վերջինիս կողմից փողերի լվացումը։

lurer.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր