Այսօր՝ ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։
Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և, որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի, քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետները։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում, տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։
Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։
Արտյոմ Ղ․-ն Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։