Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,-գրել է նա։