Արցախը 137 օր է շրջափակման մեջ է։ Արդեն 137 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։ Այս մասին ասվում է ԱՀ տեղեկատվական շտաբի պաշտոնական տեղեկագրում:
Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
«Նրան եմ փոխանցել ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր»:
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Հակարիի կամուրջը փակելու կապակցությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.
«Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից,
Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝
Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ.
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։
Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։