2020 թվականին ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին անվտանգության երաշխիքներ են խոստացել։ Արցախի բնակիչները վերադարձել են՝ նույնպես ականջալուր լինելով այդ երաշխիքներին։ Բայց էթնիկ զտումների սպառնալիքը գնալով ավելի առարկայական է դառնում։ Այդ մասին Հանրայինի Հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը կեղծ է անվանել ընդդիմության այն մեղադրանքները, թե տեղի ունեցածի համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, որոնք սխալ են կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԱԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ Ղարաբաղում միշտ եղել են ռուսամետ տրամադրություններ, իսկ Հայաստանը չի փոխել արտաքին քաղաքականության վեկտորը․
«Հայաստանի համար շատ կարևոր է, որ հայերն ապրեն Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ լինեն իրավունքների և անվտանգության երաշխիքներ։ Դրա համար բազմաթիվ քայլեր են արվում», - ասել է Գրիգորյանը։
Նա խոստովանել է, որ Ադրբեջանը փորձում է ուժով մղել խաղաղության համաձայնագրի իր համար շահավետ պայմանները։ Հայաստանը, գտնվելով ծանր վիճակում, փորձում է անվտանգության նոր երաշխիքներ գտնել։