00:00:00

Արցախում առաջարկվում է ռազմական դրության ժամանակ ԱԺ-ին վերապահել նախագահ ընտրելու իրավունք

19:01, 26 ապրիլ 2023 Լեռնային Ղարաբաղ

Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Օրակարգի առաջին հարցը ԱՀ Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժ. Միրզոյանը:

 

Զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին՝ հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:

4 կողմ ձայնով նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ  կներկայացվի  ԱԺ հերթական նիստին:

Հաջորդիվ քննարկվել է  պատգամավորներ Վ. Կասյանի և Ա. Հակոբյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը :

Ներկայացնելով այն՝ Վլադիմիր Կասյանը նշել է, որ նախագծի ընդունման դեպքում Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոնների առկայության դեպքում տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները բավարարող հանրային բոլոր ծառայողները հավասարապես կօգտվեն պաշտոնի նշանակվելու իրավունքից:

Հանձնաժողովը նախագծին միաձայն կողմ է քվեարկել:

ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին  տարեկան հաղորդումը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը :

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 2093 հանցագործություն, նախորդ տարվա համեմատ 313-ով ավել: Պատգամավորները հարցադրումներ են ուղղել կոռուպցիոն հանցագործությունների, պետական իշխանության դեմ ուղղված և այլ  հանցատեսակների վերաբերյալ:

Քննարկվել է նաև «Յոթերրոդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այն ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ, որին  երկու կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ  է քվեարկել:

Օրակարգի այս և այլ հարցերը կներկայացվեն  խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր