Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով`
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ավարտ է ունեցել։ Ըստ հրապարակման՝ ապրիլի 16-ին Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում համախոհների հետ հանդիպման ավարտից հետո կրքերն այնքան են շիկացել, որ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, եւ սրահի բակում հավաքի մասնակիցներից մեկը դանակահարել է ԱՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանին, ով Բաբայանի կուսակիցն է։