Ավելի քան 53 անձ, մեծ մասով զինվորականներ եւ բարձրաստիճան զինվորականներ, անցնում են պետական դավաճանության գործերով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետական դավաճանություն այն է, որ մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց հակառակորդին են փոխանցել»,–ասաց Փաշինյանը։
«Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ այսինչ բարձրաստիճան սպան՝ անուն, ազգանունով, զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է՝ «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»։ Ես իմ ազգականին դուրս եմ հանել սենյակից, ասել եմ՝ դու եկել ես Հայաստանի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում։
Վերջերս լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի։ Ես իմ ազգականին վռնդել եմ իմ կաբինետից ու ասել եմ՝ ո՞նց կարող ես գալ ու պատերազմի ժամանակ մեր բանակի բարձրաստիճան սպայի մասին, որը 20 տարի ծառայել է ու հասել զինվորական բարձր կոչման, այդպիսի բան ասես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց նաև, որ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ են իրականացվում, և որ վերջնական նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է։
Հիշեցնենք` Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր այդ հայտարարությանը` նշելով, որ այդ թիվը գուցե մի քիչ ավել է, բայց պատահական չէ։ Ըստ նրա` դասալքության պատճառն այն է, որ մենք ոչ միայն չենք ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես պահեստազոր չենք ունեցել։