Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 128-րդ օրվա վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1100 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 326 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 184 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (128 օրվա ընթացքում մարդկանց 313 600-ի փոխարեն՝ 1,705 մուտք և ելք՝ վերջին 4 օրում աճելով 49 դեպքով):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 49 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (128 օրվա ընթացքում 117760-ի փոխարեն՝ 2394 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 16 մուտք և ելք:
Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (128 օրվա ընթացքում մոտ 51200 տոննայի փոխարեն՝ 4174 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 42 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 62 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 99օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,300 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 27 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: