Պատգամավորի գործունեության երաշխքիների մասին օրենքում սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ-ում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրականացնելիս։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ, հարց ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Հիմա ես չգիտեմ՝ զավեշտ գնահատեմ, թե ինչ, Դուք ներկայացնում եք ՄԻՊ թեկնածուին, մեկին, որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ Դուք, որպես պատգամավոր, Ձեր ու Ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, ականջ կտրելու, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով։ Դուք հիմա ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Որպես մեծամասնական խմբակցության պատգամավոր, ինպե՞ս եք գնահատում Ձեր ու Ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,- ասաց նա։
Արձագանքելով Արթուր Հովհաննիսյանն ասաց․
«Շնորհակալ եմ, որ հենց Ձեր խմբակցությունից հնչեց հարցը, զավեշտը առաջին հերթն այն էր, թե ում էիք դուք առաջադրել որպես ՄԻՊ թեկնածու, կարծում եմ՝ Դուք այս թեմայի հետ կապված ամենաքիչը պետք է խոսեք, բայց ընդհանուր առմամբ ես պետք է այդ հանձնաժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ընդհանուր իրավիճակը շատ վատ բնորոշեմ։ Իրականում չպետք է թույլ տալ տրվել սադրանքներին, էմոցիաներին, պետք է լինել զուսպ, հնարավորինս հավասարակշիռ։ Յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ պետք է դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ և հետո։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, ով մեկ անգամ չէ, որ անվանարկել է հայ ժողովրդին ու նույնը կրկնել է նաև հանձնաժողովի նիստին։ Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ այդ ամենը գրագետ կամ մի քիչ ոչ գրագետ կազմակերպված գործողություն էր, որը ղեկավարվում էր հանձնաժողովի նախագահի կողմից, ուղարկում եք մարդկանց, ովքեր ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին ու իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան։ Ես ներկայացնում եմ հայ ժողովրդին ու թույլ չեմ տալու, որ որևէ մեկը անվանարկի հայ ժողովրդին ու 2018թ․ հեղափոխությունն անվանի ադրբեջանաթուրքական»։