00:00:00

ԱՄՆ-ն ցանկանում է հարաբերությունները բարելավել Վիետնամի հետ. Բլինքենը կմեկնի Հանոյ

22:43, 08 ապրիլ 2023 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ, տեղեկացրել է սենատոր Ջեֆ Մերքլին շաբաթ Հանոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Վաշինգտոնն այս տարի փորձում է Հանոյի հետ դիվանագիտական հարաբերությունները դնել ավելի բարձր մակարդակի վրա, տեղեկացրել է Reuters-ը։

Բլինքենի այցը, որի մասին առայժմ պաշտոնապես հայտարարված չէ, կհաջորդի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ անցած շաբաթ Վիետնամի կառավարող կոմունիստական կուսակցության ղեկավար Նգուեն Ֆու Չոնգի հետ հեռախոսազրույցին։

ԱՄՆ-ն հույս ունի այս տարի բարելավել հարաբերությունները Հանոյի հետ, որպեսզի դա համընկնի հուլիսին Վիետնամի հետ համապարփակ գործընկերության 10-ամյակին։

«Հաջորդ շաբաթ պետքարտուղարը կլինի այստեղ»,- ասել է սենատոր Մերքլին լրագրողներին Վիետնամ ամերիկացի օրենսդիրների պատվիրակության այցի ժամանակ, որի նպատակն էր Հանոյի հետ հարաբերությունների ամրապնդումը։

Սպասվում է, որ Բլինքենը կայցելի Վիետնամ, հավանաբար, շաբաթ օրը, ապրիլի 16-18-ին  Ճապոնիա մեկնելուց առաջ, որտեղ հանդիպելու է «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը եւ Չոնգը պայմանավորվել են ակտիվացնել կապերը, բայց չի հիշատակվել հարաբերությունների պաշտոնական բարելավման մասին։

ԱՄՆ-ը ներկայում համարվում է Հանոյի երրորդ մակարդակի դիվանագիտական գործընկերը։ Վերին էշելոնում են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Հարավային Կորեան, այն դեպքում, երբ երկրորդ էշելոնում, որին Վաշինգտոնը ցանկանում է միանալ, ներառված են եվրոպական երկրները եւ Ճապոնիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր