Այսօր՝ ապրիլի 7-ին, «Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել զոհված հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, այնուհետև՝ քայլերթով շարժվել դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս:
«Արցախի մայրիկների ակումբի»-ի համակարգող Մարիամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արցախցի կանայք ակցիայի միջոցով ուղերձ են հղում միջազգային հանրությանը, որն ամիսներ շարունակվող այս շրջափակման ընթացքում գործնականորեն չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այլ բավարարվել է կոչերով և մտահոգություններով:
«Ուզում ենք, որ այն միջազգային կառույցները, որոնք ստեղծված են իրականում երեխաների ու կանանց իրավունքները պաշտպանելու համար, ի վերջո կրեն ոչ միայն ֆորմալ բնույթ, այլև՝ գործով ապացուցեն, որ համապատասխանում են իրենց կոչմանը: Միևնույն ժամանակ մենք իրավունք չունենք իրենցից ինչ-որ բան պահանջելու, եթե մենք ինքներս պահանջատեր չենք: Չնայած այս անորոշ վիճակին, ինչ վերջաբան էլ այս պայքարն ունենա, մենք շարունակելու ենք մեր գործը՝ մղելով մեր բաժին պայքարը»,-նշել է Մ. Աբրահամյանը:
Ակցիայի մասնակից Քրիստինե Բալայանը համոզմունք է հայտնել, որ արցախցի կանանց ձայնը լսելի կդառնա աշխարհին:
«Այսօր բոլորը տեսնում են, որ Արցախ շրջափակված է, Լաչինի միջանցքը՝ փակ, որն ագրեսոր Ալիևի ձեռքի գործն է: Մենք ունենք կյանքի ու ինքնորոշման իրավունք և աշխարհը, միջազգային հանրությունը, որ այսօր ամենուր խոսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, պարտավոր է լսել մեզ: Միջազգային հանրության անդամները պարտավոր են ձեռք մեկնել մեկը մյուսին, որովհետև կյանքը բումերանգ է և եթե այսօր մեկը մյուսին կողքին չկանգնի, ապա վաղը յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել նման իրավիճակում և մեն-մենակ մնալ»,-ընդգծել է Ք. Բալայանը:
Ակցիան ամփոփվել է Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներով: